Search This Blog

Monday, August 8, 2011

Կենսագրական. Վասիլիս Ցիցանիս

Վասիլիս Ցիցանիսը (Βασίλης Τσιτσάνης, 18 January 1915 – 18 January 1984) հույն երգահան էր և բուզուկիի ցայսօր մեծագույն վարպետներից մեկը։ Լինելով ժամանակի առաջատար կոմպոզիտորներից՝ Ցիցանիսը համարվում է ժամանակակից «ռեբետիկա» ոճի հիմնադիրներից։ Գրել է ավելի քան 500 երգ։

Ծնվել է Թեսալիայի Տրիկալա քաղաքում։ Երիտասարդ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ և սովորել նվագել մանդոլին, ջութակ և բուզուկի. այս գործիքների համար նա ստեղծագործել է իր ամբողջ կյանքում։

1936 թ. մեկնել է Աթենք, սովորել է իրավաբանություն, իսկ 1937 թ. ձայնագրել իր առաջին գործը։ Նույն 1937 թ. տեղափոխվել է Թեսալոնիկի՝ ծառայելու բանակում, ուր և մնացել է հաջորդ 10 տարիների Գերմանական օկուպացիայի ողջ ընթացքում։ Այստեղ աստիճանաբար ձեռք է բերել լայն ճանաչում և գրել է իր լավագույն երգերը, որոնք ձայնագրել է արդեն պատերազմի ավարտից անց։ 1941 թ. գերմանական օկուպացիոն ուժերի կողմից ձայնագրման ստուդիաների փակման պահին նա ձայնագրել էր արդեն մոտ 100 սեփական երգ և այլ ստեղծագործողների բազմաթիվ կատարումներ։ Ստեղծագործական վաղ շրջանում զգալի է եղել Մարկոս Վամվակարիի (Μάρκος Βαμβακάρης) և Վանգելիս Պապազօգլուի (Βαγγέλης Παπάζογλου) ոճային ազդեցությունը։

1946 թ. Ցիցանիսը վերադառնում է Աթենք և ձեռնամուխ լինում սեփական գործերի ձայնագրությանը, որոնք իրենց հերթին մեծ ճանաչում բերեցին այդ գործերի կատարողներին, ինչպիսիք էին Սոտորիա Բելուն (Σωτηρία Μπέλου), Մարիկա Նինուն (Μαρίκα Νίνου, ծնունդով՝ Էվանգելիա Ադամյան՝ Ευαγγελία Αταμιάν) և Պրոդրոմոս Ցաուսակիսը (Πρόδρομος Τσαουσάκης)։ Այս և հաջորդ տարին նրան բերեցին մեծագույն ճանաչում ողջ Հունաստանում. ինչպես գրում է երաժշտագետ Լաբրոս Լիավասը, Ցիցանիսը ձեռք մեկնեց լուսանցքային ժողովրդական երաժշտությանը՝ որակված որպես ստորին ու լի արևելյան մոտիվներով, և միահյուսեց այն ետպատերազմյան Հունաստանի նոր հասարակարգին։ Նա ներմուծեց նոր կատարողակարգ, թեքեց արտաբերումը դեպի եվրոպական լադային համակարգ, ներմուծեց հարմոնիկ բազմաձայնություն, գործիքային բազմազանություն և պոետիկ հանգավորման միանգամայն նոր ոճեր։ Դրանք հեղափոխական ազդեցություն ունեցան հունական երաժշտության զարգացման հետագա ընթացքի համար և համարվում են նրա ռեֆորմացված շրջանի դասական նմուշներ։

Ցիցանիսը վախճանվել է Լոնդոնում՝ Բրոմփթոնի արքայական հոսպիտալում (Royal Brompton Hospital) թոքերի օպերացիայից հետո, իր 69-ամյակի օրը։ Թաղված է Աթենքի Առաջին գերեզմանատանը։ Նրա մահը սգաց ողջ Հունաստանը, ուր նրա երաժշտությունը մինչ օրս լսում են մեծագույն սիրով, և որին համարում ռեբետիկայի մեծագույն լեգենդներից մեկը։



No comments:

Post a Comment